...
La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը
![La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը](up/article/big/file_60933_3870106.jpg)
La Revue du Praticien պարբերականի hարգելի՛ ընթերցողներ, ձեր դատին ենք հանձնում պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը։
Համարի «սիրտը»՝ թեմատիկ հոդվածաշարը, նվիրված է գործնականում հաճախ հանդիպող երակային թրոմբոէմբոլային հիվանդությանը և դրա առնչությանը քաղցկեղին։ Հայտնի է, որ քաղցկեղի առկայությունը երակային թրոմբոէմբոլային հիվանդության վտանգը բազմապատկում է 6-ով։ Այս փաստն առօրյա աշխատանքում էական ազդեցություն ունի բժշկի կլինիկական մտածողության վրա, որն իր հիվանդին թրոմբոզ ախտորոշելիս պետք է միշտ հիշի, որ քաղցկեղը, որպես իր գոյությունն ազդարարելու միջոց, կարող է «ընտրել» թրոմբոզը։ Այս առումով կարևոր է, թրոմբագոյացմանը նպաստող այլ գործոնների բացակայության դեպքում, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և հիվանդին ավելորդ տագնապ պատճառելու, ձեռնարկել հնարավոր քաղցկեղի որոնման պարզ և արդյունավետ միջոցառումներ։ Վերջին տարիներին թրոմբոզի բուժումը էական փոփոխությունների է ենթարկվել` համալրվելով ուղղակի ազդեցության հաբային հակամակարդիչներով։
Ո՞րն է այս դեղամիջոցների տեղը թրոմբոզի բուժման մեջ, հատկապես քաղցկեղի դեպքում։ Ավանդաբար օգտագործվող` ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինները կորցրե՞լ են իրենց արդիականաթյունը։
Ի՞նչ տեղ հատկացնել թրոմբոզի կանխարգելիչ բուժմանը քաղցկեղով հիվանդների շրջանում, եթե դրա առաջացման վտանգն ակնհայտորեն մեծ է։ Հոդվածաշարը տալիս է այս և բազում այլ հարցերի պատասխաններ` հիմնված վերջին հետազոտությունների տվյալների վրա։
«Գիտելիքի շտեմարան» բաժնի հոդվածն անդրադառնում է հանրային առողջապահության արդի խնդիրներից մեկին՝ տարեցների ընկնելուն, որի տարեկան հաճախականությունը 65 տարեկանից հետո մոտ 30% է, իսկ 80 տարեկանից հետո՝ 50% : Իրենց մեծերին խնամող ընտանիքներին քաջածանոթ այս խնդիրը վտանգն էապես նվազեցնող, եթե ոչ` սպառիչ, ապա շատ արդյունավետ շտկումներով լուծումներ ունի, և ընկնելու վտանգի համակարգված գնահատումը բժշկի կողմից դրա անհրաժեշտ նախապայմանն է։
Ընդհանրապես, սա այն խնդիրներից է, երբ լավագույնս կարող է դրսևորվել բժիշկ-բուժառու-բուժառուի մոտակա շրջապատ` փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը։
Շարունակելով տարեցների թեման՝ «Ուսանողի անկյուն» բաժնում կարող եք ընթերցել տարեցների հոգեխանգարումներին նվիրված հոդվածը։ Նույն բաժնում տեղ է գտել կյանքի հակառակ ծայրում գտնվող բուժառուների՝ երեխաների սրտի աղմուկներին անդրադարձող հոդվածը։ Համակարգային անոթաբորբերին նվիրված համապարփակ հոդվածն էլ եզրափակում է «Ուսանողի անկյուն» բաժինը։
«Պատկերադարան» խորագրի ներքո կարող եք տեսնել բազմաթիվ յուրօրինակ կլինիկական դեպքերի նկարագրություններ։
Քրոնիկական բորբոքային ռևմատիզմով հիվանդներ վարող բժիշկներին կհետաքրքրի Քովիդ-19 համավարակի համատեքստում այս հիվանդների շրջանում իրականացվող պատվաստումների առանձնահատկությունները ամփոփող հոդվածը։
Եվ վերջում առավել ընթերցասերներին հրավիրում ենք ծանոթանալու ֆրանսիացի դրամատուրգ և դերասան Մոլիերի «Երևակայական հիվանդը» պիեսի գլխավոր հերոսի կերպարի նորովի վերլուծությանը` արդի իրողությունների տեսանկյունից։
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է 17-րդ դարում ստեղծագործած Մոլիերը քննադատում բժշկությունը՝ միաժամանակ անհավանական և թերևս նախադեպը չունեցող ճշգրտությամբ նկարագրելով իր հերոսի երևակայական հիվանդությունը, որը մերօրյա բժշկությունը դնում է հոգեբուժության իրավասության ներքո։ Հիվանդության և դեղերի նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքը արտահայտելով պիեսի տեսքով՝ հեղինակը խոսում է մի երևույթի մասին, որն ավելի ուշ՝ 1961 թ., կստանա նոցեբո ազդեցություն անվանումը, և որին բազմիցս ականատես եղանք համավարակի շրջանում։ Սա թերևս դասական լինելու, այսինքն` ժամանակի ընթացքում արդիականությունը չկորցնելու ևս մեկ օրինակ է։
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgWHSZY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384